Wednesday, May 2, 2012

Բաղդասարիս


Ժամը 00:00 էր:

Բարին և Խուճուճը բարձրանում էին շքամուտքի աստիճաններով: Խուճուճը շատ էր շտապում:
- Լսիր, Խուճու՛ճ, դու երիտասարդ ես ու թեթև, քեզ ի՞նչ կա: Խնդրում եմ, հաշվի առնես իմ տարիքը ու չափերը:
Ծանր շնչելով, նա հենվեց պատին:
- Է՜, մի նվնվա: Անին ապրում է ընդհամենը երկրորդ հարկում, այնպես որ, համոզված եմ, քո գիրությունը կարող է հաղթահարել մի քանի աստիճան: Ու, խնդրում եմ, որ շրջվեմ, ձևերս չանես, - ավարտեց նա իր միտքը:
Բարին ֆրթացրեց ու քթի տակ կրկնելով “ձևերս չանես”, գլուխը կախ շարունակեց ճանապարհը:
Երբ նրանք հասան Անիենց դռան մոտ, Խուճուճը նայեց իր կախարդական ժամացույցին:
- 8, 7, 6 – սկսեց հաշվել նա:
- Բա որ չբացի, - չափազանց բարձր ասաց Բարին:
- Վա՜յ, - միայն հասցրեց բացականչել Խուճուճը, երբ դուռը բացվեց:
Դռան շեմին կանգնած էր Անին. գիշերանոցով ու փակ աչքերով:
Բարին մի քանի անգամ ձեռքը տարավ, բերեց Անիի քթի առջև:
- Խուճուճ, դւ համոզված ես, որ հենց այսպես էլ պիտի լինի, - փոքր ինչ վախեցած հարցրեց նա:
- Հա, հա, մի՛ անհանգստացիր, եղբայր:
Նա մտավ ներս, ուժով քարշ տալով դեռ ուշքի չեկած Բարիին:
Անին դուռը փակեց: Բարին զգաց անկառավարելի տագնապի նոպա ու սկսեց նվալ:
- Հենց հիմա հավաքիր քեզ, - կատաղած ձայնով ասաց Խուճուճը:
- Լսի՛ր, ախր նա կարծես զոմբի լինի է: Ինքդ նայիր, - խեղճ-խեղճ մրմնջաց Բարին:
Խուճուճը թողեց ընկերոջը ու թեքվեց դեպի Անիի սենյակը:
Այդ պահին Բարին, աչքը չկտրելով Անիից, մի կերպ իր մեջ ուժ գտավ ու հետևեց Խուճուճին, որն արդեն սկսել էր պատրաստվել կախարդանքին. Նա հանել էր պայուսակից մի փոքրիկ փայտյա տուփ գեղեցիկ նախշերով ու մի մոմ` կապույտ գույնի:
Երբ Բարին Անիի ուղեկցությամբ մտավ ներս, Խուճուճն արդեն պատրաստ էր:
- Սա ՞ինչ է, Խուճուճ:
- Չե՞ս տեսնում, մոմ:
- Բայց Անին այլևս չի սիրում այդ գույնը, մոռացե՞լ ես:
Խուճուճը մի պահ խորհեց, հետո առանց որևէ փնթփնթոցի ետ դրեց մոմը, իսկույն հանելով մեկ ուրիշը` կանաչը:
Բարին երջանիկ թափահարեց իր փրչոտ գլուխը:
- Ապրե՛ս, Բարի, - գոհ ժպտաց Խուճուճը, - սկսենք, թերևս, - փայլող աչքերով հայտարարեց նա:
Անին անուշիկ քնած էր:
- Սարյան, Դավթաշեն, Քոչար,
  Հասե՛ք դեպի Տրաֆալգար, -

 շշնջում էին երկու թզուկ-ընկերներն ու պարում:

Կախարդական տուփը մի քանի անգամ շարժվեց ու հանկարծ սկսես դանդաղ բարձրանալ օդ: Հասնելով թզուկների գլխների մակարդակին, այն կանգ առավ, լուսավորելով ամբողջ սենյակն այնպես, կարծես առավոտը սխալվեց ու ժամանակից շուտ որոշեց ոտքը դնել հենց այստեղ: Մյուս ակնթարթին տուփն ինքն իրեն փակվեց: Այժմ սենյակը լուսավորված էր միայն մոմի կանաչ լույսով:
Բարին ու Խուճուճը ձեռք ձեռքի տված նայում էին քնած Անիին ու ժպտում:
- Ինչ սիրուն է մեր Անին, - շշնջաց Բարին:
- Դե, հերի՛ք է, մենք մեր գործն արեցինք, - իբր ջղայինացած ասաց Խուճուճը, շագանակագույն թաթով թաքուն սրբելով արցունքը, - Գնալու ժամանակն է, եղբա՛յր: Շուտով Անին կզարթնի ու եթե հայտնաբերի մեզ այստեղ, լեղաճաք է լինելու:
Բարին ձևացրեց, թե չնկատեց իրականում շատ փափկասիրտ ընկերոջ հուզմունքը ու համբուրելով քնած Անիի ձեռքը, անհետացավ միջանցքի մթություն մեջ:


- Բա ո՞նց ենք տուն գնալու, - հարցնում էր Բարին, երբ նրանք Անիենց բակում էին:
 Խուճուճը մի պահ զայրացած կանգ առավ:
- Հետաքրքիր թզուկ ես, բայց: Ոնց եկել ենք, այնպես էլ հետ կվերադառնանք, վա՜յ:
Խուճուճը խորը շունչ քաշեց:
- Անիի համակարգչի մոնիտորն է պետք փոխել, - մտահոգված ասաց բարին:


Արևի շողն ընկավ Անիի դեմքին և ստիպեց նրան ժպտալ, բացել աչքերն ու արթնանալ:
Կատարելով մի շարք առավոտյան ավանդական գործողություններ, ինչպիսիք են լվացվելն ու խնձոր կրծելը, նա որոշեց դուրս գալ պատշգամբ:
2 րոպե ձայն չկար:
Լսվեց անորոշ աղմուկ:
Այնուհետև Անիի տզզոցը.
- Մամա ջա՛ն, վա~յ, վա~յ, մամա ջա՛ն, - տզզում էր Անին ու քաոտիկ վազվզում:


Պատշգամբից այն կողմ` պարզ երկնքի ու արևի տաք շողերով լուսավորված էր մի նեղլիկ ու սիրունիկ փողոց, իսկ հեռվում նրան իր հպարտ կեցվածքով ողջունում էր Էյֆելյան աշտարակը…



No comments:

Post a Comment