Thursday, June 7, 2012

Խխունջն ու Քոթոթը

Լինում է չի լինում մի Խխունջ է լինում:
Էս Խխունջը շատ հանճարեղ տիպ է լինում. միշտ զբաղված իր խեցիի ներսում, ինչ-որ փնտրտուքների,  շատ կարևոր նվաճումների ու ստեղծագործական հրավառությունների մեջ: Այն ամենը, ինչ տարիներ շարունակ կարող է չստացվել ուրիշների մոտ, նրա մոտ ստացվում է մի քանի թեթև քայլերից: Նա ամիսներ շարունակ չի քնում, չի ուտում, խխունջավարի չի ապրում ու ջանք չի խնայում իր ու իր կողքի խխունջների պրոեկտների իրականացման համար:, բոլորովին մոռանալով այն մասին, որ պետք է հասցնել այդ ամենի հետ մեկտեղ նաև ապրել:
Մի օր ծովի ափին իր համար մենակ նստած է լինում այՓոդը ականջներին, մեկ էլ վերևից վրան շան քոքոթ է ընկնում (դխ-թրփ): Էս Խխունջը ահավոր ներվայինանում է: Դժգոհ դեմքով նայում է Քոթոթին և ուզում է հավաքվի, որ գնա մի քիչ էլ գործ անի ու մտնի խեցու մեջ:
- Գրեգորի Քոլբերթի նկարները տեսե՞լ ես - լրիվ անսպասելիորեն հարցնում է Շունը ու երջանիկ մռութով տեղավորվում կողքի քարին:
- Չէ, բայց քույրս հաստատ կիմանա նրան, - դեռ մի քիչ ջղային տոնով ասում է Խխունջը ու շրջվում, գնում տուն:
- Հաջող, - պոչը շարժելով բղավում է Քոթոթը:

- Լսիր, Ղուկա՛ս, բայց ինչ անսիրտ խխունջ դուրս եկավ սա, - գլուխը ճոճելով ասում էր մոխրագույն թևով ճայը:
- Չէ, եղբա՛յր, դու նրան ուղղակի լավ չես ճանաչում: Նա շատ փխրուն ու բարի սիրտ ունի:

Հաջորդ օրը Խխունջը դուրս է գալիս տնից ու տեսնում Քոթոթին, որը նստած ծովին է նայում:
- Էլի դու, - քնաթաթախ ձայնով դժգոհում է Խխունջը, - Ինչի ես էկել՞:
Քոթոթը զարմացած նայում է Խխունջին ու մի պահ տխրում, հետո ինքն իրեն ինչ-որ բան է հիշում, որպիսի ուրախանա ու նորից սկսում է պոչը շարժել:
- Լսի՛ր, արի գնանք մի քիչ զբոսնե՛նք, կամ ֆիլմ նայենք, կամ չգիտեմ, բանդոնեոն նվագենք, - ժպտում է, պոչով թփթփացնում ավազին:
- Չէ՛:
Խխունջը ընդունում է դահիճի դեքմ ու վերադառնում տուն, թողնելով Քոթոթին ճայերի շրջապատում:
2 րոպեից դուռը բացվում է:
- Ասում ես, բանդոնեո՞ն նվագենք:
- Այո՛, - երջանիկ մռութով պատասխանում է Քոթոթը:
- Դե սպասի՛ր, բերեմ:
Քոթոթը խելոք նստում է տաք ավազին ու անհամբեր սպասում Խխունջին:
2 րոպեից Խխունջը վերադառնում է  բանդոնեոնը ձեռքին:
- Գիտե՛ս, Խխու՛նջ, ես մտածեցի, էլ չես գա:
- Ինչի:՞ Ասեցի կգամ, ուրեմն կգամ չէ՞:
Քոթոթը խառնվում է, չի իմանում ինչ պատասխանի:
 - Հա, եսիմ: Դե մարդ ես, ամեն ինչ պատահում է:
- Ամեն ինչ պիտի լինի հստակ, պլանավորված ու անգամ մի մազ չպիտի լինի գրաֆիկից դուրս, այլապես կկորցնի իր իմաստն ու գեղեցկությունը, - արագ պատասխանում է Խխունջը:
- Իսկ իմ կարծիքով, հնարավոր չէ այդպես ապրել: Օրինակ ես չգիտեմ, թե օրվա որ պահին, ինչ կարող է պատահել: Բայց ամեն ինչին էլ ուրախ եմ լինում ու շնորհակալ: Իմ տերը կույր է և օրվա մեծ մասը ես նրա հետ եմ անցկացնում. օգնում եմ քայլել ճիշտ ուղղությամբ, փողոցն եմ անցկացնում: Իսկ երեկոյան հայրս է նրա հետ մնում ու ես կարողանում եմ դուրս գալ մի քիչ զբոսնել, խաղալ ընկերներիս հետ, վազվզել, լողալ ծովում, ուղղակի նստել և խոսել նրանց հետ:
- Իսկ ես սիրում եմ մենակ մնալ, մենակ զբոսնել ու ընդհանրապես սիրում եմ, երբ ինձ չեն խանգարում:
- Այսինքն, ես հիմա քեզ խանգարու՞մ եմ:
- Իհարկե խանգարու՛մ ես:
Քոթոթը կախում է մռութը:
- Ի՞նչ պատահեց:
- Դու ինձ նեղացրիր հենց նոր:
- Երբ՞:
- Հենց նոր: 5 վայրկյան առաջ:
- Բայց ի՞նչ ասեցի, որ նեղացար:
- Ասեցիր, որ խանգարում եմ քեզ:
- Բայց ես ճշտմարտությունն եմ ասել, ին՞չ կա դրա մեջ:
- Բայց չի՛ կարելի ասել այն ամենն, ինչ մտածում ես: Ու դա չի՛ նշանակում, որ դու խաբում ես դիմացինին, կամ թաքցնում ինչ-որ բան: Դու ուղղակի հարգում ես նրա անհատական շրջանակը, ինչպես սիրում ես, երբ հարգում են քոնը: Այդ ամենը փոխադարձ է, հասկանու՞մ ես: Ու նույնիսկ եթե դու տարիներով նստես տանը, միևնույն է քո արարքները կանդրադարնան ամբողջ աշխարհի պատմության վրա: Մի՞թե, դու չես ուզում լավագույն արարքներով մնալ պատմության էջերում:
Խխունջն առաջին անգամ ժպտում է:
- Իհարկե ուզում եմ:
- Ու պարտադիր չէ գրավոր դիմում ստանալ ինչ-որ տեղ գնալու կամ ուրիշ բան անելու համար: Եթե դու քեզ համարում ես ազատ, ապա այդ ազատությունը պիտի արտահայտվի իր բոլոր տեսակներով:
Լռություն:
Քոթոթը նայում է հորիզոնի գծին ու մտածում, որ երբեք չի կարողանա բացատրել Խխունջին այն ամենն ինչ զգում է:
Այդ պահին Խխունջը բզում է նրան:
- Բայց դու Քոթոթի համար շատ խելացի ես, հա, - ժպտում է:
- Դու էլ Խխունջի համար շատ արագ ես, գիտե՞ս, - ծիծաղը չի կարողանում զսպել:
Խխունջն էլ է փռթկում ու սկսում բանդոնեոն նվագել:
Այդպես չեն էլ նկատում, թե ոնց է մթնում:
- Գնամ տուն, պապան կխոսի վրաս; Շատ լավ ես նվագում: - ասում է Քոթոթը, - ես հրաշալի ժամանակ անցկացրի:
Խխունջը ճփացնում է:
- Լավ չեմ նվագում:
- Խխունջ, ախր դու իրականում չես ուզում, որ ես ասեմ վատ ես նվագում, չէ՞:
Խխունջը ժպտում է:
- Դե մի բան ասա:
- Ի՞նչ ասեմ:
- Եսիմ, մի բան քո ոճի մեջ: Օրինակ, որ լավ չէր, կամ որ չարժեր սրա համար կտրվել գործից, կամ նման մի բան:
Խխունջը կողքերն է նայում:
- Իիի, բայց լավ էր, ինչի՞ համար ասեմ, որ վատ էր:
Քոթոթը ուրախությունից սկսում է թռչկոտել:
- Դե կկրկնենք, վազեմ տուն, չուշանամ:
- Հաջող, Քոթոթ:
- Հաջող, Խխունջ:

Գիշերը երկուսն էլ մտածում էին այն մասին, թե ինչ լավ երեկո անցկացրին ու ինչ լավ է, որ քոթոթները մեկ-մեկ ընկնում են խխունջների գլխներին:

Մի քանի օրից Խխունջը հիվանդանում է:
Քոթոթն իմանում է այդ մասին ու որոշում փուչիկ տանել Խխունջին, որ նա իրեն լավ զգա, որ իմանա` մենակ չի ու իր մասին անհանգստացող կա:
Փուչիկն ատամների արանքը գալիս է Խխունջենց տուն:
Խխունջը տեսնում է, Քոթոթին դռան մոտ, պատուհանից ջղայնանում է, լիքը փիս-փիս բաներ է ասում:
- Ինչի՞ ես եկել: Էս փուչիկը ինչի՞ ես բերել: Գնա տուն, - աղմուկով փակում է պատուհանը:
Քոթոթը վնգստալով թողնում, գնում է: Դրսում էլ այդ պահին  ուժեղ անձրև է սկսում: Նա  թրջվում է ու ծանր հիվանդանում:
Անցնում է մի քանի օր, Քոթոթը ավելի է վատանում: Սպասում է, որ Խխունջը կհիշի իրեն ու կգա տեսակցության: Բայց Խխունջն րի համար իր գործերն է անում, բանդոնեոն նվագում, հեռադիտակով աստղերին նայում ու չի էլ հիշում Քոթոթի մասին:

- Ղուկա՛ս, ո՞վ էր ասում, որ այս խխունջատուփն ունի սիրտ
- Նրան ուղղակի պետք է մի փոքրիկ հուշել,Պողո՛ս: Չէ՞ որ երբ երեխան ծնվում է, սզկբում նրան ամեն ինչ ցույց են տալիս ու բացատրում:
Ղուկասը ժպտում է:
- Դե, եղբա՛յր, անցնենք գործի:

Խխունջը պառկած, երաժշտություն էր լսում ու աստղերի մասին գիրք կարդում, երբ ճայերը նստեցին նրա տան լուսամուտագոգին:
- Վա՜յ, Ղուկա՛ս, այդ դո՞ւ ես, բարեկամ, - ուրախ ձայնով ասում է Խխունջը, - բայց իզուր ես եկել, ես հիվանդ եմ, գնա:
Պողոսը նայում է եղբորը: Շունչը պահած սպասում հրաշքի:
- Խխունջ, կպատմե՞ս ինձ այն օրվա մասին, երբ դու ու Քոթոթը բանդոնեոն էիք նվագում:
- Ին՞չ պատմեմ, Ղուկաս:
- Լա՞վ էր:
- Հա, շատ:
- Բա ինչու՞ որոշեցիր չթողնես նրան տուն:
- Հիվանդ եմ:
- Հասկանում եմ:
- Չէ՛, չե՛ս հասկանում: Գնա՛:
Պողոսը լրիվ կորցնում է հավատը:
- Գնացինք, եղբա՛յր, նա ոչ ոքի կարիքը չունի:
- Հա՛, չունեմ ու շատ լա՛վ է: Գնացե՛ք:
- Խխու՛նջ, ինքդ էլ գիտես, որ դա այդպես չէ:
- Գնա՛:
- Լավ, բայց մի բան պիտի ասեմ` այն օրը, երբ դու չուզեցիր Քոթոթին թողնել տուն, նա մրսել է ու շատ ծանր հիվանդացել: Հիմա քո ընկերության ու աջակցության կարիքն ունի: Քո գործն է` ինչ ուզում ես, արա: Գնացինք, Պողո՛ս: Բացելով լայն թևերը, նրանք սլացան երկինք:
Խխունջը մնաց մենակ իր սենյակի, գրքերի, նկարների, երաժշտության, մտքերի ու վախերի հետ: Այն ամենի հետ, ինչը միշտ եղել է ամենակորևորն իր կյանքում և ինչի իրական լինելը սասանվեց մի շագանակագույն, չորսոտանի արարածի պատճառով: Հիմա Խխունջը զգաց, թե իրականում ինչքան միայնակ էր նա: Նետելով գիրքը գետնին, նա արագ պոկեց պատից իր ամենասիրելի նկարը, վերցրեց  բանդոնեոնն ու դուրս եկավ տնից:

Քոթոթը բարձր ջերմությամբ պառկած էր տիրոջ բազկաթոռի մեջ: Նա թույլ էր ու շատ ծանր էր շնչում: Տեսնելով նրան այդ վիճակում Խխունջը մի պահ քարացավ: Այնքան անսովոր էր տեսնել Քոթոթին նման վիճակում: Խխունջը մի կերպ զսպեց իրեն, որ լաց չլինի:
- Էկար վերջը, - շատ թույլ ձայնով ասաց Քոթոթը:
Խխունջը խառնվեց, ժպտաց, ուզում էր նստել, բայց փոշմանեց ու այդպես արձանի պես կանգնած մնաց, հետո ասաց:
- Հա, էկա, իհարկե էկա: Վա՛յ, քեզ մի փոքրիկ նվեր եմ բերել: Նայի՛ր, - նա մի նկար է հանում պայուսակից ու մեկնում Քոթոթին:
- Սա բևեռային աստղն է:Կկպցնես պատին, որ միշտ պաշտպանի քեզ:
- Շնորհակալ եմ շատ, - ասաց Քոթոթը հազիվ լսվող ձայնով, - Լսի՛ր, Խխու՛նջ, կարծում ես, կմեռնե՞մ, - հանկարծակի հարցրեց նա:
- Վերջացրու՛, - կտրուկ, փամփուշտային կրակոցի պես արձագանքեց Խխունջը ու թեքվեց դեպի պատուհանը, որպիսի Քոթոթը չնկատի նրա հուզմունքը:
- Լավ, դու էլ, հիմա բոլորս էլ մի օր պիտի մեռնենք:
- Ասեցի, ձայնդ կտրի՛:
- Լա՜վ, մի՛ ջղայինացի,- լսվեց բազկաթոռից, -Կնվագե՞ս ինձ համար  բանդոնեոն:
Խխունջը թաքուն ժպտաց:
- Հա, բայց դու չնայես, լա՞վ:
Քոթոթը գլխով թափ տվեց:
- Ուզում եմ քեզ մի բան խնդրել, Խխունջ:
- Ասա՛:
- Ուզում եմ քեզ խնդրեմ, որ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է լինում, կամ ինչ-որ չարտահայտված խոսք, անպայման ինձ ասես դրա մասին, լա՞վ: Որ այլևս չվիճենք անիմաստ բաների պատճառով:
- Եղա՛վ: Պայմանավորվեցի՛նք:
Վայրկյաններ անց փոքրիկ սենյակը, ուր պառկած էր Շունը, լցվեց բանդոնեոնի բարի ու, կարծես, հեքիաթից հնչող թախծոտ հնչյուններով:
Քոթոթը երջանկացավ: Շատ անգամներ էր նա եղել երջանիկ, բայց մինչ Խխունջին հանդիպելը երբեք այսքան լիարժեք չէր զգացել իրեն:
Խխունջն աչքերը փակ անմոռաց նվագում էր: Նա նվագում էր իր սիրելի ընկերոջ համար հրաշալի էր զգում իրեն: Լավ էր նվագում...
Երբ վերջին նոտան հնչեց, Խխունջը բացեց աչքերը ու տեսավ, որ Քոթոթն արդեն քնել է: Նա ժպտաց ու անձայն դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպե նստելով Քոթոթի տան աստիճաններին, նա որոշեց, որ հաջորդ օրը նորից կգա Քոթոթի մոտ ու էլի բանդոնեոն կնվագի, որ նա շուտ առողջանա:

- Ես ասում էի, չէ՞, Պողո՛ս, - հրճվանքով բացականչում է Քոթոթի տան տանիքին նստած Ղուկասը, - ասում էի, որ նա բարի սիրտ ունի:
- Այո՛: Հիմա ինքս իմ աչքերով տեսա, եղբա՛յր, - ժպտալով համաձայնվում է Պողոսը:

- Կարծում եմ, լավ նշելու առիթ է, հ՞ը, - բզում է եղբորը, - Ի՞նչ կասես: Չթռնե՞նք չիլիական գինի խմելու, - աչքով է անում:

- Թռա՛նք:














Երաժշտությունը` Massive Attack -Sam

No comments:

Post a Comment