Thursday, November 14, 2013

Դեֆիբրիլյացիա: Շտապ:


Մաս I


Վաղուց այդքան զզվելի ու նույնիսկ սարսափելի զգացողություններ չէի ապրել: Ամեն անգամ, երբ որևէ հարցազրույցի (աշխատանքի հետ կապված) ընթացքում հարցնում են "իսկ ինչու՞ չեք շարունակել երաժշտության գծով", զգում եմ ինձ ապուշ, ասում եմ, որ մեր երկրում, փաստորեն, չի գնահատվում դասական երաժշտությունը: Իսկ այն հարցին, թե արդյոք աշխատել եմ մասնագիտությամբ, ասում եմ, որ այո ու հիշում, թե ինչպես էի 6 ամիս շարունակ 2 երթուղայինով հասնում 15 կվարտալ, որտեղ ես գոյություն չունեի իբրև աշխատող:
"Я не могу столько денег платить в пенсионный фонд", - ասում էր Վարսիկ Վագինակովնան (մտացածին անուն հայրանուն), իսկ երբ եկավ առաջին աշխատավարձս ստանալու օրը, նա մեկնեց ինձ թղթադրամներ, որոնց ընդհանուր գումարը չէր համապատասխանում նրա առաջարկած սկզբնական թվին: 

"Դե պահումներով, բանով", - բոլոր Ր տառերը փափկացնելով մլավեց նա:

Զյավ, այ Զյավիկ, ինչու՞ հենց այդ պահին չասեցիր - "այ կնիկ, ձեռք ես առնու՞մ: Եթե դու ինձ չես գրանցում, ու՞մ ես դու իմ համար փող տալիս - Վագինակի անվան Ֆոնդի՞ն"

Եթե հնարավոր լիներ պահակին նվագակցել, համոզված եմ, որ այդ կինը իմ անթիվ պարտականությունների մեջ դա էլ կներառեր ու նույն նվնվոցով կարմիր դրամապանակից կհաներ "ինձ հասանելիք" 29 000 դրամը ու քաղցրիկ ձայնով կասեր "вот, джЯна, возьми":

Հոգոց

Ես երկար ժամանակ թափառաշրջիկ էի: Մենք բոլորս՝ կոնս ավարտածներս, թափառաշրջիկներ ենք, ծնող ունեցող որբեր: Մարդիկ, ովքեր լսարաններին ժպիտով հրաժեշտ տալուց հետո ողբերգական մահով մեռնում են իրականության կործանիչ ալիքների տակ: 
Անցնում է ժամանակ, շատ ժամանակ, ուշքի ենք գալիս կամ՝ հը-ը, - ինչպես ասում է տատս...

Հիմա, վերջապես, այն մասին, թե ինչ եմ տեսել Կենտրոնով:


Մաս II

Նորությունների բլոկ սկսվեց: Ռեպորտաժներից մեկը պատմում էր ինչ-որ երաժշտական երեկոյի մասին: Գլուխս բարձացրի: Փոքրուց ծանոթ մի դեմք էր էկրանին, ում ստեղծագործական կյանքին և նվիրված էր այդ միջոցառումը: Լրագրողը ծանոթացնում էր մանրամասներին, բացատրում, որ առանց Գագիկ Ծառուկյանի աջակցության, երեկոյի իրականացումը պարզապես անհնար կլիներ: Ասաց նաև, որ դահլիճում ներկա էին Ծառուկյանի ընտանիքի անդամները: Վերջում ելույթ ունեցավ պրն. Դոդի Գագոյի մամլո խոսնակը և գրագիտության նմուշ հանդիսացող լեզվով պոզիտիվ հաղորդեց հանդիսատեսին: Ամենավերջում երևաց հանդիսության մեղավորը, ով մեղավոր ու խեղճացած դեմքով իր խորագույն երախտագիտությունը հայտնեց "Բարգավաճ Հայաստան"-ի տիրոջը:

Ուրիշ կողմից էլ եմ նայում հարցին: Գիտեմ շատ մարդկանց, ովքեր մեծ խնդիրներ են ունեցել, օրինակ, առողջության հետ ու Գագոն գումար է տրամադրել, ինչով պարզապես փրկել է նրանց: Դժվար է ուրանալ նման բաները: Բայց այս տեքստը կապ չունի նմանատիպ պատմությունների հետ: Միգուցե, երեկոյի հերոսը ստացավ իրենը, երբ, կարծես, բոյինգի աջ թևի տակ մնացած դեմքով շնորհակալություն էր հայտնում մի մարդու, ով սպարծիվկայով ու արջի մորթուց կարած մուշտակով կարող է հյուր գնալ Անգլիայի թագուհուն, պարկերով ալյուր բաժանել չունևորներին, դրանց ձայները գնելու անիմաստ նպատակով: Ես ներողություն եմ խնդրում, բայց Դուք, պրն. Ս.Ս. վերջնականապես ինձ հիասթափեցրիք ու մի մեծ կնիք դմփացրեցիք Հայաստանում երաժշտական կրթության էվտանազիայի մասին որոշման տակ: 

Մաս III

Կուզեի մի քանի տող գրել իսկական երաժիշտներին: Ինչու՞ եմ նշում "իսկական" բառը - որովհետև մարդիկ, ովքեր մամայի համար կամ իբրև երաժիշտների ընտանիքի զավակ, կոտորվելով գնում են դաշնամուրի, ջութակի կամ մի այլ գործիքի, այդ ամենը համեմելով վերոնշյալ մամայի բազմաթիվ այցելություններով դասատուների տներ, դասարաններ, դասարանների դռների ետևի կողմեր, շաղ տալով կոնֆետների բազմաքանակ տուփերն ու այդ զզվելի ծրարները, հարամ են անում հա՛մ իրենց, հա՛մ մյուս երեխաների կյանքն ու ապագան: Ես կգրեի իմ նամակը այն երեխաներին, ովքեր փոքրուց եղել ու մնացել են մաքուր, առաջին հերթին որպես մարդ, հետո՝ որպես երաժիշտ: 
Եվ այսպիսով.

Սիրելի երիտասարդ երաժիշտներ, ես հպարտանում եմ ձեզանով, սիրում և անչափ ուրախանում ձեր ամեն մի հաջողությամբ: Ես գիտեմ, թե ինչքան նուրբ է ձեր հոգեբանությունը, գիտեմ, ինչ բարդ է բախվել ռեալ կյանքին, որովհետև ձեզ ոչ ոք տեղյակ չի պահում, գոնե կողքից չի հուշում, որ հեքիաթ չի լինելու: Բայց ես սրտանց հավատում եմ, որ դուք ձեր հարուստ հոգիներում կգտնեք հզորության աղբյուր՝ դժվարությունների հետ պայքարելու համար: Ես հավատում եմ:

Հարգանքով՝
Զյավ








No comments:

Post a Comment